Apple-ի առողջապահության ոլորտում հետազոտությունների հավելվածի գաղտնիության քաղաքականություն

Apple-ի առողջապահության ոլորտում հետազոտությունների հավելվածի գաղտնիության քաղաքականությունը թարմացվել է 2020 թ.-ի նոյեմբերի 20-ին
Apple-ը կարևորում է ձեր գաղտնիությունը: Այդ իսկ նպատակով մենք մշակել ենք Գաղտնիության քաղաքականություն, որը նկարագրում է, թե ինչպես ենք մենք մշակում Ձեր տվյալները Apple-ի առողջապահության ոլորտում հետազոտությունների հավելվածների («Հավելվածներ») օգտագործման առնչությամբ: Խնդրում ենք ծանոթանալ մեր գաղտնիության կանոններին և տեղյակ պահել մեզ, եթե հարցեր ունենաք:

Apple-ի առողջապահության ոլորտում հետազոտություններ

Սույն Գաղտնիության քաղաքականությունն ամփոփում է այն տեղեկությունները, որոնք մենք կարող ենք հավաքել կամ ստանալ առողջապահության ոլորտում հետազոտությունների մեր ցանկացած Հավելվածի ձեր կողմից օգտագործման, ինչպես նաև առողջապահության ոլորտում մեր հետազոտություններին (յուրաքանչյուրը՝ «Հետազոտություն», իսկ բոլորը միասին՝ «Հետազոտություններ») ձեր մասնակցության առնչությամբ: Սույն Գաղտնիության քաղաքականությունը չի ներառում ձեր մասին տեղեկությունները, որոնք մենք հավաքում կամ ստանում ենք այլ համատեքստերում, օրինակ՝ երբ դուք գնում եք Apple-ի որևէ արտադրանք, զննում եք Apple-ի վեբկայքերը, օգտագործում եք Apple-ի այլ շարժական հավելվածները կամ օգտագործում եք ձեր Apple սարքը (օրինակ՝ iPhone, iPad կամ Apple Watch) ընդհանուր, Հետազոտությունների հետ առնչություն չունեցող նպատակներով: Գաղտնիության ընդհանուր կանոնների համար, տես մեր ընդհանուր գաղտնիության քաղաքականությունը:

Տեղեկացված համաձայնություն

Որևէ Հետազոտությանը մասնակցելու համար դուք պետք է նախ կարդաք և ստորագրեք տեղեկացված համաձայնությունը և լիազորման ձևը (եթե կիրառելի է) («Տեղեկացված համաձայնություն») տվյալ Հետազոտության համար: Օգտագործելով որևէ Հավելված՝ դուք համաձայնում եք ձեր տեղեկատվության հավաքումը, օգտագործումը և համօգտագործումը սույն Գաղտնիության քաղաքականության դրույթների և Տեղեկացված համաձայնությունում նկարագրված եղանակների համաձայն: Եթե սույն Գաղտնիության քաղաքականության որևէ դրույթ հակասում է Տեղեկացված համաձայնության դրույթներին, ապա գերակայում են Տեղեկացված համաձայնության դրույթները:

Այս քաղաքականության տեքստում մենք կարող ենք օգտագործել «Հետազոտության թիմ» տերմինը, որը վերաբերում է բոլոր այն անձանց, որոնք կարող են ունենալ Հավելվածների միջոցով կամ Հետազոտություններին մասնակցելու ընթացքում ձեզանից կամ ձեր մասին հավաքված տեղեկությունների հասանելիություն: Բոլոր Հետազոտությունների համար Տեղեկացված համաձայնությունը ներառում է հատուկ տեղեկատվություն Հետազոտության թիմի անդամների մասին:

Տեղեկությունների հավաքումն ու օգտագործումը

Անձնական տեղեկությունները տվյալներ են, որոնք կարող են օգտագործվել անձը նույնականացնելու կամ նրա հետ կապվելու համար: Հավելվածների միջոցով կամ Հետազոտություններին մասնակցելու ընթացքում ձեզանից կամ ձեր մասին կարող են հավաքվել որոշակի անձնական և ոչ անձնական տեղեկություններ՝ ինչպես նկարագրված է ստորև:

Apple-ը և դրա դուստր կազմակերպությունները, ինչպես նաև Հետազոտության թիմի այլ անդամները կարող են միմյանց հետ համօգտագործել Հավելվածի միջոցով մեր կողմից հավաքվող տեղեկատվությունը և օգտագործել այն մեր Գաղտնիության քաղաքականության համաձայն:

Եթե որոշեք մասնակցել Հետազոտությանը, ապա ստորև կարող եք գտնել տեղեկատվության այն տեսակների օրինակները, որոնք մենք կարող ենք հավաքել, ինչպես նաև դրանց օգտագործման հնարավոր եղանակները:

Ինչ տեղեկություններ ենք մենք հավաքում

Ստորև կարող եք գտնել տեղեկատվության այն կատեգորիաների օրինակները (այդ թվում նաև որոշ անձնական տեղեկությունները), որոնք կարող են Հավելվածների միջոցով հավաքվել ձեզանից կամ ձեր մասին («Հետազոտության տվյալներ»), երբ դուք ներբեռնում եք Հավելվածներից մեկը և գրանցվում որևէ Հետազոտությանը մասնակցելու համար: Ձեր մասին Հետազոտության ընթացքում հավաքվելիք տեղեկատվության հատուկ կատեգորիաները նկարագրվելու են Տեղեկացված համաձայնությունում:

  • Կոնտակտային տեղեկություններ , օրինակ՝ ձեր անունը, էլ. հասցեն և հեռախոսահամարը:
  • Ժողովրդագրական տվյալներ, օրինակ՝ ձեր տարիքը, սեռը, բնակության երկիրը և ռասան:
  • Հիվանդության պատմություն և տեղեկություններ, օրինակ՝ ձեր հասակը/քաշը, բժշկական ախտորոշումների և հետազոտությունների պատմությունը (օրինակ՝ սրտային ռիթմի խախտումների ախտորոշումը), որոշ դեղամիջոցների ընթացիկ և նախկին օգտագործման տվյալները (օրինակ՝ արյունը նոսրացնող դեղորայք), ընտանեկան անամնեզը (օրինակ՝ շողացող առիթմիայի պատմությունը) և առողջության հետ կապված սովորությունները (օրինակ՝ ծխելը): Այս տեղեկությունները կարող են հավաքվել ներծրագրային հետազոտությունների կամ առողջության այլ հետազոտությունների միջոցով, որոնց դուք կարող եք մասնակցել:
  • Սենսորներից ստացված տեղեկություններ, օրինակ՝ սրտխփոցի հաճախականության և սրտխփոցների միջև միջակայքի հաշվարկներ:
  • Տեխնիկական տվյալներ, որոնք շատ դեպքերում ոչ անձնական տեղեկություններ են, այսինքն՝ տեղեկություններ, որոնք ինքնըստինքյան թույլ չեն տալիս ուղղակիորեն նույնականացնել որևէ անձին: Տեխնիկական տվյալները ներառում են, օրինակ, տեղեկություններ ձեր կողմից հավելվածի օգտագործման մասին (օրինակ՝ երբ է Հավելվածը գործարկվել առաջին անգամ), հավելվածի տարբերակը և տեղադրման ID-ն, սարքի նույնացուցիչը և տեխնիկական տվյալներ ձեր սարքի մասին, օրինակ՝ օպերացիոն համակարգը և մոդելը: Apple-ը թիրախավորված գովազդ տրամադրելու նպատակով չի հետևում իր հաճախորդներին ժամանակի ընթացքում և երրորդ կողմի վեբկայքերում, ուստի չի արձագանքում «Չհետևել» ազդանշաններին:
  • Անբարենպաստ իրադարձության մասին տեղեկատվություն, օրինակ՝ Հետազոտության ընթացքում առաջացող մտահոգություն, անբարենպաստ իրադարձություն կամ զեկուցման ենթակա այլ խնդիր:
  • Այլ տեղեկություններ, առկայության դեպքում, որոնք նկարագրված են Տեղեկացված համաձայնությունում:

Ձեր Կոնտակտային տվյալներն առանձնացվելու են Հավելվածների միջոցով կամ Հետազոտություններին մասնակցելու ընթացքում ձեզանից հավաքված այլ տեղեկություններից և փոխարինվելու են պատահական կոդով («Հետազոտության կոդավորված տվյալներ»), նախքան այն կստացվի Apple-ի համակարգերում։